Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինչո՞ւ մեր գիտնականների ու իշխանությունների ջուրը մի առվով չի գնում

Ինչո՞ւ մեր գիտնականների ու իշխանությունների ջուրը մի առվով չի գնում
02.02.2016 | 11:27

Հարգելի «Իրատես»


Շատ շնորհակալ եմ, որ գոնե ձեր էջերում է տեղ տրվում մեր գիտնականներին: Հետաքրքրությամբ կարդացի Վահան Համազասպյանի հոդվածը, որտեղ քննարկվում է Հայաստանում արևային գործարաններ կազմակերպելու գաղափարը: Գաղափարը գերգերազանց է: Արևային տեխնոլոգիաների կիրառումը արդեն ինքնին թույլ կտա ապահովել վերամշակված գյուղմթերքների շատ բարձր որակը, իսկ վերամշակման կազմակերպումը տեղերում մեր գյուղացիներին կազատի բերքը տեղափոխելու, բերքը իրացնելու նվաստացուցիչ ու ավելորդ բարդություններից: Ի՞նչ է ստացվում: Ողջ տարին մարդիկ կիզիչ արևի տակ աշխատում, քրտինք են թափում, ծախսեր են անում, ստանում են խաղողի առատ բերք ու արդյունքում տուժում են: Ի՞նչ թվաբանություն է սա. դառը դատի, դատարկ նստի՝ վայ աշխարհ: Ինչո՞ւ է մեզ մոտ միշտ այդպես ստացվում, որ անեծքի տակ են մտել հայ ժողովուրդը, մեր աշխատավոր գյուղացին, մեր բանվորներն ու, ի վերջո, մեր գիտնականները: Ինչո՞ւ մեր երկրում մեր սեփական ու շատ տաղանդավոր գիտնականների կարևոր գիտական մշակումները կյանք չեն մտնում, ինչո՞ւ մերժվեց ակադեմիկոս Պարիս Հերունու ծրագիրը, ինչո՞ւ կյանք չի մտնում Վահան Համազասպյանի հելիոֆիկացիայի ծրագիրը և, գրեթե համոզված եմ, չի ընդունվելու արևային գործարաններ կազմակերպելու այս փայլուն գաղափարը: Գիտական գաղափարները սկսում են փայլել ու փայլատակել միայն այն ժամանակ, երբ նրանք ներդրվում, կյանք են մտնում՝ օգուտ բերելով երկրին ու ժողովրդին: Այստեղ արդեն իրենց խոսքը պարտավոր են ասել մեր իշխանությունները, առաջին հերթին, տնտեսական բլոկի մեր նախարարները՝ մեծարգո պարոն վարչապետի գլխավորությամբ, որոնց ծառայողական պարտականությունների մեջ առաջին համարով նստած է ժամանակակից տնտեսություն կազմակերպելու խնդիրը: Ծուռ նստենք, ճիշտ խոսենք. ի՞նչ խնդիրներ կան մեր գիտնականների ու իշխանությունների միջև, ինչո՞ւ մեր ջուրը մի առվով չի գնում, ո՞րն է մեր սեփական գիտության նկատմամբ կարծրատիպ դարձած մերժողական քաղաքականության տրամաբանությունը, եթե, իհարկե, դա կարելի է քաղաքականություն ու տրամաբանություն համարել: Ես դա լավ չեմ հասկանում, չեմ էլ ուզում հասկանալ ու չեմ ընդունում, որովհետև Հայաստանը սեփական գիտության վրա հիմնված գիտատար տնտեսություն կազմակերպելուց զատ զարգացման այլ ճանապարհ չունի: Կոչ եմ անում, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ իր նախաձեռնությամբ, լայն քննարկման առարկա դարձնի արևային գործարաններ կազմակերպելու Վահան Համազասպյանի այս նոր առաջարկը: Պետք է հասկանալ ու գնահատել այդ գաղափարի թույլ և ուժեղ կողմերը, ծանր ու թեթև անել, համեմատել գործող այլ ծրագրերի հետ, քայլեր ձեռնարկել, որպեսզի մեր բոլոր ծրագրերը փորձարկվեն ու ներդրվեն, նպաստեն Հայաստանի տնտեսության վերականգնմանը՝ Եվրասիական տնտեսական միության ու Իրանի հետ փոխշահավետ համագործակցության ճանապարհով: Փորձված բան է. եթե գիտական գործերը չեն օգտագործվում մայր հայրենիքում, ապա նրանք, վաղ, թե ուշ, հաջողությամբ օգտագործվում են այլ երկրներում: Իհարկե, գիտական աշխատանքները կյանք մտցնելու կարևոր պայմաններից մեկը ֆինանսական խնդիրներն են: Համոզված եմ, որ Վահան Համազասպյանը, մեր մյուս հայ գիտնականների նման, ֆինանսական ռեսուրսների չի տիրապետում: Եթե մեր պետությունը նման գործերի համար փող չունի, գրանտային ծրագրերն էլ հասանելի չեն, ապա ես առաջարկում եմ ստեղծել գիտական մշակումների ներդրման հատուկ, օրինակի համար, հելիոֆիկացիայի հիմնադրամ: Գիտության նկատմամբ ժլատությունը ժլատությունից չի գալիս, այստեղ հեռատեսության պակաս է զգացվում:

Հարգանքով՝
Էդվարդ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Դիտվել է՝ 742

Մեկնաբանություններ